Որտե՞ղ է աճում բամբակը
Բամբակենին փիփերթազգիների ընտանիքի բազմամյա բույսերի ցեղ է: Հայտնի է 35 տեսակ, որից 5-ը՝ մշակովի:
Բամբակենին թուփ է՝ կանգուն, ճյուղավորվող ցողունով, բարձրությունը՝ 70–140 սմ և ավելի: Տերևները կանաչ են՝ 3–7-բլթականի: Ծաղիկը խոշոր է, դեղին, բաց դեղին, վարդագույն, հիմնականում՝ ինքնափոշոտվող, երբեմն՝ խաչաձև փոշոտվող: Պտուղը 3–5-բնանի, բաց կամ մուգ կանաչ, երբեմն՝ կարմիր, հարթ կամ մանր փոսիկներով տուփիկ է, պարունակում է 20–40 ձվաձև, մազմզուկապատ սերմ: Սերմի կեղևի արտաքին բջիջներից առաջանում են բամբակի թելերը:
Բամբակենին արժեքավոր տեխնիկական, թելատու, ձիթատու և մեղրատու բույս է: Մշակովի տեսակներից ամենաարժեքավորը և տարածվածը 3-ն են. սովորական կամ մեքսիկական բամբակենին տալիս է բամբակի համաշխարհային հումքի 70%-ը. մշակվում է ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Հնդկաստանում, Չինաստանում, Աֆրիկայի և Ավստրալիայի որոշ շրջաններում:
Պերուական բամբակենին եգիպտական նրբաթել բամբակենին է, որից ստացվում է երկարությամբ, բարակությամբ և ամրությամբ լավագույն թելը: Մշակվում է Եգիպտոսում, Սուդանում, Բրազիլիայում, Պերուում:
Հնդկաչինական բամբակենին մշակվում է Հնդկաստանում, Պակիստանում, Չինաստանում, միջինասիական պետություններում: ՀՀ-ում բամբակենին մշակվել է մինչև 1966 թ.:
Բամբակենին շատ է սիրում ջերմություն, լույս, արգավանդ հող և խոնավություն: Սովորաբար այն աճեցնում են արհեստական ոռոգմամբ: Երբ պտուղը հասունանում է, նրա փեղկերը բացվում են և նրանից դուրս է գալիս սպիտակ, փափուկ մանրաթելի մի փոքրիկ զանգված: Մազիկների երկարությունը տարբեր է՝ 10-ից մինչև 65 մմ։ Հենց մազիկների համար էլ բամբակը մշակում են։ Մանրաթելը հավաքում են սերմերի հետ միասին` հիմնականում բամբակահավաք մեքենաներով: Հատուկ մեքենաները սերմերի վրայից հեռացնում են մանրաթելը և ուղարկում մանվածքային ֆաբրիկաներ, որտեղ բամբակը մանում են ու գործվածքներ գործում:
Բացի անկողնային պարագաների համար կտորներ պատրաստելուց բամբակը շատ բազմազան կիրառություն ունի։
Բամբակենու սերմերից քամում են ձեթ, որն օգտագործում են պահածոների արդյունաբերության, մարգարինի և օճառի արտադրության մեջ: Ձեթը քամելուց հետո մնում է քուսպը, որը խտացրած անասնակեր է, պարունակում է մինչև 40% սպիտակուցներ: Ձեթը քամելու ընթացքում առաջացած մյուս մնացորդներից անջատում են հանքաձյութ, որն օգտագործում են ճանապարհային ամուր ծածկույթների և ջերմակայուն լաքեր պատրաստելու համար: Սերմերի կեղևը կիրառում են էթիլ և մեթիլ սպիրտների արտադրության մեջ: Ցողունը վառելանյութ է և շինանյութ: Տերևներից անջատում են կիտրոնաթթու և խնձորաթթու:
Ընդունում ենք անկողնային պարագաների պատվերներ ։