Անկողնային պարագաների խնամքի ցուցումներ

Անկողնային պարագաների գույնը չխամրելու, երկար ժամանակ պահպանելու և լվանալուց հետո գործարանային նախատեսված չափից ավել չմտնելու համար խորհուրդ է տրվում հետևել ստորև ներկայացված ցուցումներին։

Կարևոր

Օգտագործեք միայն լվացքի միջոցներ, որոնք չեն պարունակում քլոր, ժավել կամ ուժեղ սպիտակեցնող նյութեր։

Մինչ օգտագործումը նոր անկողնային պարագաները նախապես արդուկեք՝ կտորի գույնին հավելյալ ամրություն տալու համար։ Այնուհետև լվացեք ձեռքով՝ 30°C-ից ոչ ավելի տաք ջրում։ Եթե լվանում եք լվացքի մեքենայով, ընտրեք այնպիսի կարգավորում, որ ջրի առավելագույն տաքությունը չգերազանցի 30°C։

Բնական ձևով, լվացքի թասում ջրերի քամվելուց հետո, անկողնային պարագաները վերջնական չորացման համար կախեք պարանից կամ փռեք համապատասխան չորանոցի վրա՝ մարող արևի կամ ստվերի տակ։ Ոչ մի դեպքում առաջին լվացքի ընթացքում լվացքի մեքենայով մի քամեք մի օգտագործեք պտույտի ռեժիմը։

Հետագա լվացումների ժամանակ ընտրեք լվացքի մեքենայի «ձեռքի լվացում» կամ «նուրբ լվացում» ռեժիմներից մեկը, կամ սահմանեք այնպիսի կարգավորում, որ ջրի տաքությունը չգերազանցի 40°C։

Եթե չեք օգտվում լվացքի էլեկտրական չորացման մեքենայից կամ բնական ձևով չորացնելը հարմար չէ, կարող եք անկողնային պարագաները քամել լվացքի մեքենայով։ Պտույտների ռեժիմը սահմանեք 400, կամ առավելագույնը՝ 600 պտույտ, բայց ոչ ավելի։

Անկողնային պարագաները վերջնական չորացման համար կախեք պարանից կամ փռեք համապատասխան չորանոցի վրա՝ մարող արևի կամ ստվերի տակ։

Անկողնային պարագաները խորհուրդ է տրվում արդուկել կիսախոնավ վիճակում, ընտրեք արդուկի համապատասխան «բամբակյա» կամ «վուշի» համար նախատեսված կարգավորումը և խոնավացնելով կտորը արդուկեք։

Եթե օգտագործում եք այնպիսի արդուկ, որի վրա միայն ջերմաստիճանի կարգավորիչ կա, սահմանեք 180°C-ից 200°C ջերմաստիճան։ Ավելի բարձր ջերմաստիճանում արդուկելը կարող է վնասել անկողնային պարագաների կտորը։

Վերմակի երեսի պլաստիկ կոճգամների խնամք

Արդուկելիս ուշադիր եղեք, որ տաք արդուկը չկպնի պլաստիկ կոճգամներին, որպեսզի դրանք չհալվեն կամ չվնասվեն։

Վերմակի բացվածքի վրայի պլաստիկ կոճգամները բացեք և փակեք շատ խնամքով՝ հատկապես զգույշ եղեք բացելիս։ Սկզբում բացեք մեջտեղի կոճգամները, ապա շարունակեք դեպի աջ և ձախ։

Առատ քրտնարտադրություն ունեցողների անկողնային պարագաների խնամք

Առատ քրտնարտադրության դեպքում խորհուրդ է տրվում անկողնային պարագաները լվանալ ամեն օր՝ անմիջապես արթնանալուց հետո, որպեսզի քրտնքի մեջ առկա աղերը չվնասեն կտորի գույնը։ Սա կօգնի կանխել կամ մեղմել կտորի գունաթափումը։

Պահպանում

Սպիտակեղենը պահեք գլանաձև փաթաթված վիճակում՝ շնչող կտորե տոպրակներում կամ թղթից կամ փայտից տուփերում և խուսափեք պլաստիկ փաթեթավորումից, քանի որ պլաստիկը չի ապահովում բավարար օդափոխություն։ Պահելուց առաջ համոզվեք, որ սպիտակեղենը լիովին չոր է՝ ներառյալ անկյունային հատվածները, կրկնակի ծալված մասերը և կարերի շրջակայքը։ Թեթև խոնավությունն անգամ կարող է ժամանակի ընթացքում, պահարանում պահպանելիս, առաջացնել հոտ կամ բորբոս։ Պահեստավորեք սպիտակեղենը զով, չոր և լավ օդափոխվող տարածքում։ Եթե այն պահում եք փակ պահարաններում, պարբերաբար օդափոխեք։ Պահպանման ընթացքում կարող եք օգտագործել բնական հոտազերծիչներ՝ լավանդա կամ այլ չոր բուրավետ բույսեր։ Անկողնային պարագաների մեջ, համապատասխան փաթևթավորմամբ, բուրավետ բույսեր պահելը ապահովում է հաճելի և թարմ հոտ, ինչպես նաև կանխարգելում է միջատների ներթափանցումը։

Ուշադրություն՝ ցուցումների չհետևելու դեպքում

Խնամքի ցուցումները չկատարելու դեպքում անկողնային պարագաների կտորի գույնը կարող է խամրել, վնասվել և փոքրանալ գործարանային թույլատրելի չափից փոքր-ինչ ավել։

Եթե վերմակի բացվածքի այն հատվածը, որտեղ տեղադրված են պլաստիկ կոճգամները, չարդուկեք այնպես, ինչպես նշված է խնամքի ցուցումներում, կոճգամները կարող են հալվել կամ վնասվել, և վերմակի երեսի բացվածքը չեք կարողանա փակել։

Առատ քրտնարտադրության ունենալու դեպքում անկողնային պարագաները օգտագործելուց հետո կտորի վրա կարող են առաջանալ սպիտակ բծեր, հատկապես, եթե լվացումը չի կատարվել անմիջապես արթնանալուց հետո։

Ինչու չի կարելի լվացքի մեքենայով բարձր պտույտներով չորացնել անկողնային պարագաները

100% մաքուր բամբակից և վուշից կարված անկողնային պարագաների բնական կտորը շատ զգայուն է մեխանիկական ազդեցության նկատմամբ։ Լվացքի մեքենայի բարձր պտույտներով չորացման ժամանակ ստեղծվող ցենտրիֆուգայի ուժը (կենտրոնախույս ուժ) առաջացնում է ուժեղ լարվածություն կտորի հյուսվածքի վրա, ինչը կարող է հանգեցնել կտորի կառուցվածքի վնասման, չափերի փոքրացման՝ գործարանային նախատեսված թույլատրելի չափից ավելի։ Բացի այդ, այն հատվածներում, որտեղ ֆիքսված են կոճգամները, կտորը կարող է վնասվել, ուժեղ մեխանիկական ներգործության պատճառով։

Պարզ բացատրությամբ՝ երբ լվացքի մեքենայի թմբուկը մեծ արագությամբ պտտվում է, ներսում գտնվող ջուրը և անկողնային պարագաները հայտնվում են թմբուկի պատերին։ Սա հենց ցենտրիֆուգայի ուժի (կենտրոնախույս ուժի) ազդեցությունն է։

Այս ուժը արագ դուրս է մղում ջուրը կտորից, բայց միևնույն ժամանակ մեծ լարվածություն է ստեղծում գործվածքի վրա։ Ինչքան պտույտները բարձր են, այնքան անկողնային պարագաների կտորը լավ է չորանում, բայց նաև ավելի է վնասվում և կրճատվում է նրա ծառայության ժամկետը։

Խորհուրդ

Լավագույնը՝ անկողնային պարագաները չորացնել բնական ճանապարհով կամ լվացքի էլեկտրական չորանոցում։ Եթե որոշել եք չորացնել լվացքի մեքենայում, ապա ընտրեք միայն ցածր կամ միջին պտույտներ (400–600), որպեսզի պահպանվեն կտորի ձևը, չափսն ու գույնը և չվնասվեն այն հատվածները, որտեղ կոճգամներն են ֆիքսված։